Սյունիք-արցախյան տարազ

Ժողովրդական տարազը, սերտորեն կապված լինելով ժողովրդի պատմության ու մշակույթի, ազգային ինքնատիպ խառնվածքի, գեղագիտական նախասիրությունների ու ընկալումների հետ, էթնիկ ցուցիչի կարևորագույն դեր է կատարում․ հայկական տարազը բացառություն չէ, այն լավագույնս բնորոշում է հայ մարդու բնավորությունը, վերջինիս կապն իր պատմության, ավանդույթների, մշակույթի, բնության հետ, մյուս կողմից էլ հայկական լեռնաշխարհի ամեն մի տարածաշրջան իր ուրույն հետքն է թողել հայկական ավանդական հագուստի ու զարդեղենի վրա։ Հայկական ավանդութային տարազախմբում կնոջ Սյունիք-արցախյան տարազը միակն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը։ Արցախի, Սյունիքի, Սիսիանի, Գորիսի բնակավայրերում (Սյունիք-արցախյան տարազախմբի ընդգրկման շրջանը բավականին լայն է) մինչև վերջերս կարելի էր տեսնել հայկական ավանդական տարազով տատիկների․ Արցախ աշխարհում նրանց կոչում են «այա» մայրիկ, կամ` «խըլեղով» (արխալուղ, երեքփեշկանի պարեգոտ հագած) կին:

Արցախյան ավանդական տարազը, որը Սյունյաց ու Արցախ աշխարհի կանայք կրում էին 19-րդ դ.-ից մինչև 20-րդ դ-ի վերջը, շատ տպավորիչ էր իր ձևվածքի կատարելությամբ, գունային լուծումներով, պարզությամբ և շքեղությամբ՝ միաժամանակ։ Կանանց հագուստը բազմաշերտ էր․ այն ներառում էր տակի սպիտակ շապիկ, որի վրայից կանայք հալավ՝ մետաքսյա, սատինե կամ թավշյա հագուստ էին հագնում, որը սովորաբար կարմիր գույնի էր լինում․ առհասարակ Սյունիք-արցախյան տարազախմբում գերակշռում են կարմիր, ծիրանի, կանաչ, մանուշակագույն, կապույտ գույները:

Կարմիրը, ըստ 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու, խորհրդանշում է օդը, այդ գույնը նաև պտղաբերության, արիության և մարտիրոսության խորհուրդ ուներ, ինչպես նաև չարխափան մոգական զորություն։ Սյունիք-արցախյան տարազախմբում այդքան շատ հանդիպող կարմիրի ու կանաչի համադրությունն ամենևին էլ պատահական չէր․ այն խորհրդանշում էր կյանքը, կենսունակությունը, սերնդի շարունակականությունն ու պտղաբերությունը․ այստեղից էլ՝ «կանաչ-կարմիր կապենք» հայտնի արտահայտությունը։ Ի դեպ, մինչեւ հիմա էլ կարմիր-կանաչի համադրությունը Հայաստանի գյուղերում օգտագործվում է հարսանիքների ժամանակ՝ կոսպանտի (մետաքսե կարմիր-կանաչ ժապավեն) ձևով, որը կապվում է փեսացուի կրծքին ու թիկունքին։

Թեև արցախցի կանայք հիանալիորեն տիրապետում էին ասեղնագործության գաղտնիքներին, նրանց հագուստը չէր առանձնանում շքեղ ասեղնագործությամբ, ինչպես Հայաստանի արևմտյան գավառներում, փոխարենը մեծ դեր ունեին զարդերը․ օրինակ՝ հագուստի թևքերը գեղազարդվում էին արծաթյա զարդակախիկներով, որոնց նույնպես չար աչքից պաշտպանող ազդեցություն էր վերագրվում։

Շապիկի վրայից կանայք հագնում էին պարեգոտ, որն անվանում էին «իրեքփշկանի», «խըլըղ», «ղաբա» ( կապա), սակայն ամենից լավ հագուստի այս պարագան բնութագրում է «իրեքփշկանի» տարբերակը, քանի որ փեշը 3 մասից էր բաղկացած։ Իրեքփշկանին հիմնականում կանաչ, կապույտ կամ մանուշակագույն էր լինում։ Վերնազգեստի վրայից արցախցի կանայք գոտի էին կապում, որը կարող էր լինել բամբակե, մետաքսյա կտորից։ Երիտասարդ կանանց շրջանում տարածված էին արծաթյա զարդատախտակներով կաշվե գոտիները, որոնք գեղեցիկ ճարմանդ ունեին։

Ձմռանը կանայք թավշյա կամ բրդյա հիմականում մուգ կարմիր գույնի վերարկու՝ քուրք (քուլք) էին կրում, որի ձևվածքը նման էր պարեգոտի ձևվածքին, սակայն նախորդից կարճ էր՝ թևերի ու փեշի հատվածում։ Վերարկուի եզրերը զարդարվում էին աղվեսի մորթով կամ կանաչ գույնի մետաքսյա ժապավենով (քյոբա)։ Սյունիք-արցախյան տարազախմբում գոգնոցը տարազի համալիրից բացակայում էր, սակայն կանայք այն կրում էին աշխատանքի պահին: Նորահարսի հագուստում կարող էր կիրառվել լանջամասը ծածկող երկարափեշ գոգնոց, որը տարբերվում էր առօրյայում գործածվածից:

Կանանց գլխի հարդարանքը՝ «կլոխ շինելը», գործողությունների մի ամբողջ շարք էր ներառում, այն շատ կարևոր էր, քանի որ արտացոլում էր կնոջ ընտանիքի բարեկեցությունը, նրա կյանքում տեղի ունեցած սոցիալական, ընտանեկան փոփոխությունները: Գլխի հարդարանքի ժամանակ օգտագործվում էին գլխաշորեր, կոպի, ճակտնոց-դրամաշար, որը կարող էր լինել ոսկյա կամ արծաթյա, գլխազարդ՝ քորոց-չանգալ, մետաքսյա ականջակալներ, արծաթյա քունքազարդեր և այլն։ Ամուսնացած կանանց շրջանում ընդունված էր նաև «քթկալը»՝ քիթն ու բերանը ծածկող կտորը, որը խորհրդանշում էր կնոջ համեստությունը, չխոսկանությունը։

Սյունիք-արցախյան տարազի անբաժան մասն էին կազմում զարդանախշերով հարուստ գուլպաները, որոնք կանայք գործում էին բրդյա թելերով։ Գուլպաների վրայից կանայք հագնում էին սուր, վեր ցցված ծայրերով ոտնամաններ՝ չմոշկներ, որոնք նույնպես կարմիր կամ կանաչ գույնի էին լինում։

Սյունիք-արցախյան տարազը լավագույնս արտացոլում է այն կրողին․ պարզ է ու շքեղ միաժամանակ՝ ներդաշնակ բնությանն ու կյանքի օրենքներին․ այն արարումի, հարատևության, կենսունակության ու չարի դեմ պայքարի բազում խորհուրդներ է կրում իր մեջ։ Իսկ ամենակարևոր խորհուրդը՝ հաղթանակի անխուսափելիությունն ու անվերապահ հավատն է՝ Արցախ աշխարհում «այա» մայրիկների մենք դեռ շատ ենք հանդիպելու։

Օգտակար հղումներ

Օգտագործված գրականություն՝

https://artsakhlib.am/wp-content/uploads/2018/11/Navoyan-Mher-Stepanyan-Armenuhi-Syuniq-Artsakhi-tarazakhumby.pdf

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*