Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում․ առաջնային ուղղությունները․

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը և դրանց հետ սերտորեն կապված խտրականության արգելքը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Մեր պետության կարևորագույն խնդրիներից է՝ իրավահավասարության, խտրականության արգելքի երաշխավորումը, և այդ է պատճառը, որ դեռևս 2014-2016 և 2017-2019 թվականների գործողությունների ծրագրերում նախատեսվել էր համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման և դրանց դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության համար շարունակում է գերակա նշանակություն ունենալ իրավահավասարության ապահովման օրենսդրական երաշխիքների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման խնդիրը։ Մասնավորապես, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրները, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը։

Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում առկա առավել առաջնահերթ խնդիր է հանդիսանում հոգեկան, ինչպես նաև մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունակության և գործունակության ապահովումը, մասնավորապես, այդ խմբին պատկանող անձանց ներառումը իրենց իսկ վերաբերող բոլոր որոշումների կայացման գործընթացներում։ Հայաստանի օրենսդրությունը ներկայումս չի սահմանում աջակցությամբ որոշումների կայացումը կամ գործունակության մասնավոր զրկումը մտավոր կամ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար:  Այսպես, գործող օրենսդրությունը թույլ է տալիս հոգեկան, այդ թվում՝ մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց զրկել գործունակությունից, և չկան որոշումների կայացմանն աջակցող համակարգեր, որոնք թույլ կտային հաշմանդամություն ունեցող անձին լիարժեք օգտվել անկախ կյանքի և համայնքում ապրելու իրավունքից: 

Հիմնախնդրի  համապարփակ լուծման նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել համապատասխան իրավական կառուցակարգեր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա օրենսդրական մակարդակով վերջ դնելու լիակատար խնամակալությանը և անցում կատարելու անձի փոխարեն կայացվող որոշման մոդելից օժանդակությամբ սեփական որոշում կայացնելու մոդելին՝ հոգեկան առողջության խնդիրներ, այդ թվում՝ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար և ապահովելու դրա գործնական կիրառումը՝ իրավապահ մարմինների, դատավորների, ինչպես նաև սոցիալական աշխատողների վերապատրաստումների միջոցով: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*