Պատմամշակույթային Հուշարձանները

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։

Սևանա լիճ

Սևանա լիճը Հայաստանի մարգարիտն է: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո: Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։

ԿՈԹԱՎԱՆՔ

Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը:

ՎԱՆԵՎԱՆԻ ՎԱՆՔ

Հայկական առաքելական վանական համալիր Վանեվանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։

ՀԱՅՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

.Հայրավանք վանական համալիրը հիմնադրվել է IX-XII դդ:
Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված
շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ:
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ
դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից
դուրս կարող եք տեսնել խցերի և տնտեսական շենքերի
ավերակներ։

.Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արևի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Վանական համալիրից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և նրա շրջակայքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*