Վառեմ֊Մարեմ

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը և պատմական շենքն ամբողջությամբ շարունակում են փլուզվել, իսկ պահպանության ուղղությամբ որևէ ձեռնարկում չի եղել՝ տարածքը մնում է բաց ու առանց սահմանազատման։

Հարևանությամբ նորաստեղծ ու նույնանուն  «Վառեմ-Մարեմ»  արվեստանոցի երիտասարդները ստանձնել  են պատմական շենքի հանրահռչակման ու  պահպանման գործը։ Երիտասարդ ստեղծագործողները  շենքին  տիրություն են անում  հարևանի  սրտացավությամբ: Նորաբաց արվեստանոցի երիտասարդները մարդկանց շենքի ու պատշգամբի պատմությունն են ներկայացնում ու դարձել են փլուզվող  շենքի պահապանները:

Կինոյի հայտնի պատշգամբում ավելի են մեծացել քայքայված հատվածները, ներսից ու դրսից շաունակվում է հին գերանների քանդելը, այն խիստ վտանգավոր է մարդկանց մուտքի համար, պատշգամբ բարձրանալ ու լուսանկարվել չի թույլատրվում՝ ամեն վայրկյան կարող է փլուզվել: Խարխլված հիմքերով ու պատերով պատմական շենքի միայն ճակատային մասն է համեմատաբար պահպանված։ Երկհարկանի հսկայական շենքի ներսը ավերակների է վերածվել։

Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն պատշգամբի պատմությանը կամ ցանկանում են տեղում դիտել ֆիլմի ամենահայտնի ու սիրված դրվագը, արվեստանոցի երիտասարդները ստեղծել են QR կոդ, որը փակցված է շենքի պատին:

Ռեստավրատոր Միքայել Վարդպարոնյանը  պատմաբան Ավետիք- Մելիք Սարգսյանի նախաձեռնությամբ  վերականգնել է  շենքի դռան վերևի հատվածում գտնվող քարե գրությունը, որը  վնասված էր:

«Արձանագրությունը փաստում է, որ այն կառուցվել է 1879 թվականին Խաչատուր Աբովենցի կողմից, այդ  գրությունը  մինչև վերականգնումը  շատ  դժվար տեսանելի էր․․․Կոտրված տառերը վերականգնել ու մաքրել ենք ամբողջ տեքստը»,- ասել է «Վառեմ-Մարեմ» արվեստանոցի հիմնադիր Միքայել Վարդպարոնյանը։

«Վառեմ-Մարեմ» արվեստանոցը հայտնի պատշգամբի հարևանությամբ հետաքրքիր միջավայր է դարձել ստեղծագործողների համար, այն բաց հարթակ է։ Այստեղ նաև բրուտագործություն, կավագործություն ու կերամիկական արվեստ են սովորում պատանիները, իրենց պատրաստած կերպարները թրծում են հենց արվեստանոցի կենտրոնում տեղադրված թոնրի վրա, որը նաև օջախը տաքացնելու խորհուրդ ունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*