ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՅԻՍ 22-26

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ.

Գլուխ 3, 4

Առաջադրանք՝

  • Առանձնացնե՛լ բուժաշխատողների իրավունքները:
Հոդված 27.Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերելու համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում լիցենզավորված տեսակների շրջանակներում համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

1) միավորվելու մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցելու բնակչության առողջության պահպանման և բարելավման, ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորմանը, բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը, մասնակից լինելու ոլորտային քաղաքականության մշակմանը և իրականացմանը.

2) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց համբավը.

3) օրենքով սահմանված կարգով ապահովագրելու բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը:

Հոդված 30.Բուժաշխատողների իրավունքները

 

1. Բուժաշխատողներն իրավունք ունեն`

1) ավագ և միջին բուժաշխատողները, օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան, իրենց իրավասության շրջանակներում իրականացնելու առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողները` իրենց իրավասության շրջանակներում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն.

2) ապահովագրելու իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) ելնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի իրավիճակից` կայացնելու ապացուցողական բժշկությամբ հիմնավորված որոշումներ` լրացուցիչ միջամտություններ կատարելու համար, որոնք նախատեսված չեն համապատասխան կլինիկական ուղեցույցներով.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.

6) իրենց կրթությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում բժշկական գործունեություն ծավալելու վերաբերյալ լիազոր մարմնից պահանջելու և ստանալու տեղեկանք պատշաճ մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունենալու մասին (certificate of good standing).

7) օրենքով սահմանված կարգով ստեղծելու միավորումներ կամ անդամակցելու դրանց.

8) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

 

 

  • Առանձնացնել՛ բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը:
Հոդված 28.Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`

1) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.

2) ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների համապատասխանությունը լիազոր մարմնի սահմանած չափանիշներին.

3) յուրաքանչյուրին ապահովել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.

4) յուրաքանչյուր մարդու պահանջով կամ նրա իրազեկ գրավոր համաձայնությամբ բժշկական օգնության համար այլ վճարողի տրամադրել անհրաժեշտ տվյալներ ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման տեսակի, մեթոդի, ծավալների և քանակի ու դրան համարժեք կատարված ծախսերի մասին.

5) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ` օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) ապահովել հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտների նկատմամբ.

8) ունենալ պաշտոնական ինտերնետային կայքէջ, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, գնացուցակի, բուժանձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ: Սույն պարտականությունը չի տարածվում ռազմաբժշկական հաստատությունների, գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիա կամ առողջության կենտրոն հանդիսացող կամ ստոմատոլոգիական կաբինետի կամ մասնագիտական ոչ ավելի, քան երկու կաբինետի ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ.

9) ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի (բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող` համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և մասնագիտացում ունեցող անձի) հետ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները` օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) ապահովել ընթացակարգերով, պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջների կատարումը.

11) ստացիոնար պայմաններում պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի) և պարտականությունների մասին: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացողներին կամ նրա օրինական ներկայացուցչին նրանց համար մատչելի ձևաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացողների հետ կնքվում են վճարովի ծառայությունների մասին պայմանագրեր.

12) պացիենտի իրավունքների և պարտականությունների իրազեկման թերթիկի, ինչպես նաև վճարովի ծառայությունների մասին պայմանագրի օրինակելի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատում է լիազոր մարմինը.

13) Կառավարության սահմանած կարգով հաղորդում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, եթե բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտն անգիտակից է կամ ունի գլխի վնասվածք կամ ուղեղի ցնցում կամ 3-րդ կամ 4-րդ աստիճանի այրվածք կամ կտրող-ծակող գործիքով առաջացրած վերք կամ թափանցող վերք կամ հրազենային վնասվածք կամ պոլիտրավմա կամ թունավորում, կամ պարզված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ պացիենտի առողջությանը կամ կյանքին պատճառված վնասը բռնի կամ հակաօրինական գործողությունների կամ ինքնավնասման կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանք է, ինչպես նաև այն դեպքերում, երբ բժշկական հաստատություն է տեղափոխվել դիակ.

13.1) լիազոր մարմնի կողմից նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին.

14) բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, տրամադրել քննիչին, դատախազին, դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին` օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա: 

2. Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 31.Բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.

2) յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն.

3) հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.

4) պացիենտին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղյակ պահել առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, բացառությամբ պացիենտի գրավոր հրաժարման և օրենքով սահմանված այլ դեպքերի.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) ավագ և միջին բուժաշխատողները` օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգում.

7) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

9) իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

10) կատարել պացիենտի վարման գործելակարգերով և ընթացակարգերով սահմանված պահանջները` օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում.

11) պահպանել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները.

12) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2. Բուժաշխատողները օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*